Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 0.27 մ-ով
ОбществоՀայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրով 2 գերակա խնդիրները իրականացվել են սահմանված ժամկետներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ «Գերակա խնդիրները երկուսն են եղել՝ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները և էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծումը։ Երկու խնդիրն էլ իրականացվել են»,- նշեց նախարարը։
Նա նաև հավելեց, որ մշակվել են 41 իրավական ակտեր, որոնք հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են նախարարության կողմից։ Դրանց մի մասը կառավարության որոշումներով արդեն հաստատվել է, իսկ մյուս մասը գտնվում է հաստատման փուլում։
«Ջրային ռեսուրսների պահպանության մասին խոսելով՝ կուզենայի առաջինը առանձնացնել Սևանա լճի խնդիրը։ Այժմ լճի մակարդակը կազմում է 1900.48 մ, ինչը նախորդ տարվա համեմատ 0.27 մ-ով ավելի է։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումները սկսվել են սույն թվականի հունիս ամսին և ավարտվել սեպտեմբերին։ Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծրագրի շրջանակում 2016 թվականին իրականացվել են 93 հա տարածքի մաքրման աշխատանքներ»։ Նախարար Մինասյանը նաև ասաց, որ 2016 թվականի ընթացքում «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ քաղաքացիներին մատուցվել է ան վճար ծառայություն «Սևան» ազգային պարկի և Շորժայի հասարակական լողափերում։ Այցելուների թիվը տարվա ընթացքում կազմել է ավելի քան 300.0 մարդ։ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հողի վարձակալության դիմաց հավաքագրված 167.9 մլն դրամը նպատակաուղղվել է ազգային պարկի կանոնադրական խնդիրների լուծմանը։