Միջազգային ամսագիրն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին
Geos միջազգային կազմակերպության Alerte ամսագրի սեպտեմբեր ամսվա համարում հրապարակվել է ֆրանսիացի լրագրող Անտուան Կոլոննայի` «Լեռնային Ղարաբաղ. հրադադարից քսան տարի անց» վերնագրով հոդվածը:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ պատմական հայկական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղը 1921 թ.-ին Խորհրդային Միության կողմից կցվել է նորաստեղծ Դեմոկրատական Ադրբեջանի Հանրապետությանը, այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը 1915թ.-ի Ցեղասպանության, ինչպես նաեւ Ղարաբաղում իրականացված կոտորածների հետեւանքով, թույլ վիճակում էր հայտնվել. «ԽՍՀՄ փլուզման ժամանակ, բնակչության մեծամասնություն կազմող հայերը զենքերը ձեռքին պայքար սկսեցին Ադրբեջանի դեմ սեփական ազատությունը հետ նվաճելու նպատակով: Ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, որը միջազգային ճանաչում չունի, սակայն որի անկախությանը սատարում է Հայաստանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանն, Ա.Կոլոննան իր հոդվածում ընդգծում է, որ դիվանագիտական հարթակում գործընթացը կարծես փակուղում է գտնվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես բանակցային կողմ չընդունելու պատճառով, ինչը դժվարացնում է երկու կողմերի փոխզիջումները:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ ԼՂՀ տնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում արձանագրված ցուցանիշներին: