Հանրապետության բոլոր քաղաքներում կկառուցվեն բացօթյա հրաձգարաններ
ОбществоԿառավարությունը հավանություն տվեց հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ վեցամսյա ժամկետում կմշակվի և կառավարություն կներկայացվի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թթ. ծրագիրը:
«Հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ: Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին պետք է կրի շարունակական բնույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոստոմյանը՝ ավելացնելով, որ մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է հանրակրթական դպրոցներում, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին: