Մոուրինյո. Կարանկան ընկերս է, իրար դեմ խաղալու ենք առաջին անգամ
СпортԵս միշտ հաղթանակ եմ ցանկանում Կարանկային, նա էլ՝ ինձ, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Միդլսբրոյի» դեմ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումից առաջ:
43-ամյա Այտոր Կարանկան 2010-2013 թվականներին եղել է Մոուրինյոյի օգնականը Մադրիդի «Ռեալում», 2013-ից գլխավորում է «Միդլսբրոն»: Կարանկան 1997-2003 թվականներին եղել է Արքայական թիմի պաշտպան՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող:
«Կարանկան ընկերս է, իսկական ընկեր է: Առաջին անգամ ենք խաղալու իրար դեմ, եւ ես ցանկանում եմ հաղթել: Սա ֆուտբոլ է: Երբեմն եղբայրը գնում է եղբոր դեմ, հայրը՝ որդու. եթե հայրը մարզիչ է, որդին՝ խաղացող, այնպես որ, լինում են ավելի բարդ իրավիճակներ: Սպասվում է 90 րոպե, եւ յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել: Ինձ չի անհանգստացնում չեմպիոնական մրցավազքը: Մտածում եմ միայն առաջիկա խաղում հաղթանակ տանելու մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Անգլիայի առաջնության 18 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար «Չելսիից» հետ է 13 միավոր:
Դեկտեմբերի 31-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: