Անհրաժեշտ է հոկտեմբերի 24-ին ներգրավել էլ ավելի մեծ զանգվածների, որպեսզի խոսքը վերածվի գործի
БлогՑանկացած մարդ որևէ գործով զբաղվելիս կամ ինչ-որ գործողություն կատարելիս պետք է կարողանա ինքն իրեն վերլուծելու ու դրսի աչքով նայելու ունակություն ունենա: Եթե իշխանությունները իրենց նայեին կողքից, գուցե այսքան կոռումպացված ու ինքնավստահ չլինեին, եթե ոչ իշխանական կամ արդեն ընդդիմադիր ուժերին քննադատողները իրենց նայեին կողքից, ապա կհասկանային, որ քննադատության թիրախ պետք է դարձնել ոչ թե հրապարակում պայքարողներին, այլ նրանց, ում դեմ պայքարում են, իսկ եթե իշխանությունների դեմ պայքարելու ուժ կամ ցանկություն չկա, պարզապես պետք է չխանգարել նրանց, ովքեր այսօր իրենց վրա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն են վերցրել՝ առաջնորդելու ժողովրդին դեպի իշխանափոխություն: Ավելորդ է խոսել, որ հասարակությունը վաղուց է սպասում դրան, իսկ ոչ իշխանականներին կարելի է մեղադրել միայն թերևս նրանում, որ պայքարը շատ ավելի վաղ չսկսեցին:
Բայց եկեք չմոռանանք, որ քաղաքական հաշվարկներն ու գործողությունները մի օրում չեն պլանավորվում, մի օրում խիստ տարբեր գաղափարախոսության կուսակցություններ չեն համագործակցում, ուստի ամեն ինչ տեղի է ունենում այն պահին, երբ պետք է տեղի ունենար: Հոկտեմբերի 10-ին չնայած բոլորս գնացինք տուն, գուցե շատերը ոգևորված, մի մասն էլ հիասթափված, որ հենց նույն օրը իշխանափոխություն տեղի չունեցավ, բայց ես վստահ եմ, որ թե ժողովուրդը, թե նրանց առաջնորդողները հասկանում են, որ շատ ժամանակ չունեն, ուստի անհրաժեշտ է հոկտեմբերի 24-ին ներգրավել էլ ավելի մեծ զանգվածների՝ անկախ բնակության վայրից, սոցիալական դիրքից ու առավել ևս կուսակցական պատկանելությունից, որպեսզի խոսքը վերածվի գործի, թե չէ նստել տանը ու հետո մեղադրել, թե միևնույնն է ոչինչ չի ստացվի, բոլորն էլ կարող են, բայց մենք կշարունակենք ապրել նույն և միգուցե ավելի վատ պայմաններում: Որոշողը բացառապես Դուք եք, մեղքը ուրիշների վրա մի գցեք:
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան գրառումը