Սոս Պետրոսյան. Երեւանյան կրկեսի նոր շենքը նախատեսված է բոլոր տեսակի ներկայացումների համար
КультураNEWS.am-ը գրում է.
Երեւանյան կրկեսի նոր շենքի շինարարության ավարտը սպասվում է 2017-ի վերջին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը։
«Հուսամ, որ տարվա վերջին մենք կրկեսի նոր շենք կունենանք։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր» ընկերությունների խմբին, նրանք մեր հանրապետությանը կրկես են նվիրում։ Դա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ մի կոպեկ չեն ծախսել հայկական կրկեսի արվեստի զարգացման համար։ Համեմատության համար նշեմ, որ Բաքվում 2 խոշոր ժամանակակից կրկես կա»,– նշեց Սոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ կրկեսի հին շենքը մեղմ ասած անմխիթար վիճակում էր։ «Ձմռանը ներսում ավելի ցուրտ էր, քան դրսում, իսկ ամռանը՝ ավելի շոգ։ Չկային նկուղային հարկեր, սանհանգույցներ, ինժեներական լուծումներ։ Կենդանիներն ապրում էին կրկեսի տարածքում, եւ մարդիկ բողոքում էին հոտից։ Արտիստներն ապրում էին մի հարկում, որտեղ կար միայն մեկ զուգարան։ Իսկ առավոտյան պետք էր հերթ պահել։ Եվ չնայած այդ անհարմարություններին՝ հանդիսատեսն ամեն դեպքում գալիս էր։ Եվ մենք ոչ մի օր աշխատանքը չենք ընդհատել։ Մենք անգամ ղարաբաղյան պատերազմի ժամանակ աշխատում էինք»,– ասաց Սոս Պետրոսյանը։
Հին կրկեսում կար 1560 տեղ, իսկ նորը նախատեսված է 2500 հանդիսատեսի համար։ Դա արդիականացված կրկես կլինի՝ իր բոլոր հարմարություններով։ «Նախկինում մենք չէինք կարող զանգվածային օդային համարներ, սառույցի, ջրի վրա ներկայացումներ անել։ Նոր շենքը նախատեսված է բոլոր տեսակի ներկայացումների համար»,– նշեց Սոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ որպեսզի նոր կրկեսը նորովի գործի, նրա նախաձեռնությամբ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից ստեղծվել է նոր հատուկ ուղղություն զանգվածային միջոցառումների կրկեսի էստրադայի ռեժիսորների համար։
Նոր շենքի շինարարության ավարտին է նվիրված լինելու Սոս Պետրոսյանի «Հայկական կրկես» գիրքը, որը ներկայացնում է կրկեսի պատմությունը՝ նրա աղբյուրներից մինչեւ մեր օրերը։ «Այն արդեն տպագրությունում է, սակայն հրատարակումն ուզում ենք նվիրել նոր կրկեսի բացմանը»,– նշեց նա։