77 արտակարգ դեպք 4 օրում. Կապանում 8-ամյա երեխան հրդեհի զոհ է դարձել
ОбществоԴեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 77 արտակարգ դեպք, ինչի հետեւանքով 2 մարդ մահացել է, 20-ը տուժել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի նվազում կա: Եթե անցած տարի գրանցվել էր 272 դեպք, որից 163-ն արտակարգ էր, ապա այս տարի գրանցվել է 179 դեպք, որից 77-ն է արտակարգ: Ցավոք, այս չորս օրերի ընթացքում գրանցվել է 2 մահ. Կապանում 8 տարեկան երեխա էր մահացել հրդեհից, իսկ 1 անձ էլ վրաերթից էր մահացել: Հաջողվել է կանխել ինքնասպանության 2 դեպք, գրանցվել է շմոլ գազից թունավորման 4 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի: 9 անձ էլ այս օրերին տուժել է ՃՏՊ-ներից: Հաջողվել է փրկել 4 քաղաքացու կյանք»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Ըստ ԱԻՆ պաշտոնյայի՝ վերջին չորս օրերին գրանցվել է 38 հրդեհ, կենցաղային 97 դեպք, որից 63-ը՝ փակ դռներ, կորցրած բանալիներ, 15 դեպքում օգնություն է ցոցաբերվել քաղաքացիներին, եղել է ջրալցման 5 դեպք. «Տարին կարելի է ասել՝ հանգիստ ենք սկսել, եթե հաշվի ենք առնում նախորդ տարվա նույն ժամանակահատվածը: Բացի դրանից, մեր փրկարարներին նաեւ մեծ օգնություն են ցույց տվել քաղաքապետարանի մեր գործընկերները»: