Ինչո՞ւ է նախարարի համար հացադուլը համարվում անօրինական գործողություն. Ներսես Պողոսյանը 21 օր հացադուլի մեջ է
ОбществоՄայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 21 օր է հացադուլի մեջ է։
Նրա պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«2016 թվականի դեկտեմբերի 15-ից (21 օր) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նրա բողոքն ուղղված է դատարանների կողմից իր կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը: Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատարանը երկարացրել է գրության հիման վրա, ինչը վերաքննիչ քրեական դատարանը (վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը մինչ օրս չի տրամադրվել Ներսեսին կամ նրա պաշտպաններին) օրինական է համարել:
Իր բողոքի՝ ապօրինի կալանքի վերաբերյալ Ն. Պողոսյանը գրավոր հայտնել է ՀՀ Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:
Արդարադատության նախարարն իր տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ինքն այդ դեպքին (Ն. Պողոսյանի հացադուլին, առողջական վիճակին եւ պահանջին) ծանոթ չէ, բայց «կուսումասիրի եւ կպարզի» խնդիրը։
Ասուլիսից հետո նախարարը Ն. Պողոսյանին պատասխանել է, եւ պատասխանի մեջ Ներսեսի համար նշել է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ եւ հայտնել՝ «Ինչ վերաբերում է Ձեր կողմից հացադուլ հայտարարելուն, հայտնում ենք, որ Դուք ս/թ դեկտեմբերի 15-ին հայտարարել եք հացադուլ, կապված Ձեզ առաջադրված մեղադրանքին համաձայն չլինելու հետ»։
Նախարարության պատասխանից պարզվում է, որ նախարարն իրապես ծանոթ չէ դեպքին. Ն. Պողոսյանն իր դիմումի մեջ առաջադրված մեղադրանքի մասին ոչինչ չէր նշել, իսկ Արդարադատության նախարարությունից ոչ թե պատասխանել են Ներսեսի դիմում-պահանջին, այլ այդ գրությամբ ամրագրել է իր թվացյալ գործունակությունը:
«Հացադուլ հայտարարելու օրվանից առ այսօր … Ձեզ հետ տարվում են համապատասխան բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ հացադուլը դադարեցնելու եւ Ձեր կողմից ներկայացված հարցերը օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ:
Դժվարությամբ, բայց ըմբռնումով փորձում ենք հասկանալ «բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ» տանելու մասին միտքը, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարի համար հացադուլը համարվում անօրինական գործողություն:
Դժվարությամբ, բայց ըմբռնումով փորձում ենք հասկանալ «բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ» տանելու մասին միտքը, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարի համար հացադուլը համարվում անօրինական գործողություն:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ
Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է մեկ գրության հիման վրա (որի պատճենը դատարանը հրաժարվեց տրամադրել պաշտպաններին);
Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումը որակեց որպես օրինական;
Մինչ օրս ո՛չ Ն. Պողոսյանը, եւ ոչ էլ նրա պաշտպանները չեն ստացել դեկտեմբերի 14-ի դատարանի որոշման օրինակը;
Արդարադատության համար պատասխանատու պաշտոնյա դեպքին փաստացի ծանոթ չէ եւ ծանոթանալու մտադրություն էլ չունի.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք՝ հացադուլի հետեւանքով Ներսես Պողոսյանի վիճակի վատացման կամ որեւէ այլ կերպ նրա առողջության վատթարացման բոլոր հետեւանքները կրելու են այն բոլոր իրավասու անձինք ու մարմինները, որոնք առնչություն ունեն Ներսես Պողոսյանի ներկայիս վիճակի հետ:
Ներսես Պողոսյանի պաշտպաններ
Նինա Կարապետյանց
Արայիկ Պապիկյան
04.01.2017
Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ դատարան: