«Հաց բերողը» ազատ արձակվելուց հետո տանն է, բժիշկների հսկողության ներքո
ОбществоNEWS.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանը կալանքից ազատ արձակվելուց հետո տանն է, բժիշկների հսկողության ներքո: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա ընկերներից: Նրանց խոսքով` Արթուր Սարգսյանը ցավեր ունի որովայնի եւ ողնաշարի հատվածում եւ այս պահին բուժում է ստանում տան պայմաններում:
Նշենք, որ «Հաց բերողը» դեռ չի ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ եւ մեզ չհաջողվեց նրա հետ կապվել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։
Դատախազության հաղորդագրության մեջ էլ նշվում է, թե Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: «Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն անձնական մեքենան բեռնել էր սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին։
Նշենք, որ Արթուր Սարգսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա փաստաբանները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ Սարգսյանին ազատելու միջնորդությամբ, իսկ որոշ ժամանակ առաջ էլ հայց էին ներկայացրել ՄԻԵԴ։ Փաստաբանները նաեւ նշել էին, թե Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում։
Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: