Երեւանում 21-ամյա հեծանվորդի առեղծվածային մահվան գործով փորձաքննությունների արդյունքները պարզ են
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած հեծանվորդ 21-ամյա Արա Փափազյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շուրջ մեկ տարի է շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փարձաքննությունների արդյունքներն ստացվել են, սակայն, քրեական գործով առկա են պարզաբանման ենթակա հարցեր եւ դրանից ելնելով փորձաքննությունների արդյունքները դեռ չեն հրապարակվում:
Նախնական տվյալերով 21-ամյա երիտասարդը Երեւանի Սաֆարյան եւ Թամրուչ փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկվել:
Արա Փափազյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով` Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս եւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից: NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արան մարտի 24-ին՝ դեպքի օրը, հեծանվով գնացել էր ընկերներին տեսնելու: Ըստ ընկերների պատմածի` այդ օրը եղանակը լավ է եղել եւ նա ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության, տունդարձի ճանապարհին էլ նրան գտել են սյան մոտ անգիտակից ընկած:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Արա Փափազյանի հարազատները ասել էին, որ դեպքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ ունեն, սպասում են նախաքննության ավարտին: 21-ամյա Արա Փափազյանը մեկ տարի առաջ էր բանակից եկել, նա ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր: Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է: