Արցախի մարտարվեստների ասոցիացիան Ստեփանակերտում կկազմակերպի պրոֆեսիոնալների առաջնություն
СпортԱրցախի մարտարվեստների ասոցիացիան Ստեփանակերտում կկազմակերպի պրոֆեսիոնալների առաջնություն։
Այս մասին ասել է ասոցիացիայի նախագահ Գարեգի նԱղաբալյանը՝ ամփոփելով 2016 թվականի հաջողություններն ու ձեռքբերումները:
Ասոցիացիայում են 4 մարզաձևեր՝ քիք-բոքսինգ, «մուայ թայ», «K-1» և խառը մենամարտեր (MMA) ներկայացնող մարզիկներ:
Գարեգին Աղաբալյանը նշել է, որ ասոցիացիայի կողմից անցած տարվա օգոստոսի 3-ին Ստեփանակերտում կազմակերպվել է նախադեպը չունեցեղ պրոֆեսիոնալ մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի 22 ուժեղագույն մարզիկներ: Ասոցիացիայի նախագահի խոսքով, այս տարի ևս նախատեսում են անցկացնել նման մրցաշար:
Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկները մասնակցել են «մուայ թայ» մարզաձևի (թայլանդական բռնցքամարտ) Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկներից երկուսը՝ Դավիթ Հայրապետյանը և Ալեքսան Աղաբալյանը գրավել են երրորդ պատվավոր տեղերը:
Այնուհետև ասոցիացիայի մարզիկները մասնակցել են «մուայ թայ»-ի Հայաստանի առաջնությանը և Հայաստանի խառը մենամարտերի (MMA) առաջնությանը, իսկ հոկտեմբերի 19-22-ն՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը:
«Ճիշտ է, այդ պայքարում մենք մրցանակային տեղ չենք գրավել, բայցմեր մարզիկների համար այն եղել է լավ փորձաշրջան. նրանցից ոմանք, օրինակ՝ Թաթուլ Ավագյանը, կարողացել են լավ որակներով աչքի ընկնել»,- հավելել է Գ. Աղաբալյանը:
2016-ի վերջին մրցաշարը, որին Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկները մասնակցել են, կայացել է դեկտեմբերի 9-12-ին Երևանում. այն «K-1» մարզաձևի Հայաստանի առաջնություն էր, որին մասնակցել է մոտ 300 մարզիկ: Արցախի հավաքական թիմում ընդգրկված էր 27 մարզիկ, որոնցից 11-ը գրավել է առաջին պատվավոր տեղը, 5-ը՝ երկրորդ, 4-ը՝ երրորդ:
«Ամփոփելով 2016 թվականը՝ կուզենայի հատուկ ընդգծել Դավիթ Հայրապետյանի, Ալեքսան Աղաբալյանի, ՀայկԽաչատուրյանի, Թաթուլ Ավագյանի, Վասակ Բարսեղյանի, Նաիրի Ավետիսյանի և Մարատ Բարսեղյանի անունները»,- ասել է ասոցիացայի նախագահը:
Իսկ ապագա ծրագրերի մասին խոսելիս՝ Գ. Աղաբալյանը շեշտել է, որ ինքը ցանկանում է Արցախում զարգացնել ասոցիացիայում ներկայացված 4 մարզաձևերն էլ. «Մարզիկների թիվը մոտ 170 է: Բայց եթե մարզադահլիճի խնդիր չունենանք, մարզիկների թիվն ավելի շատ կլինի: Հիմնականում մենք մեր պարապմունքներն անց ենք կացնում Ստեփանակերտի N 8 դպրոցի մարզադահլիճում և «Վիկինգ» մարզասրահում»: