Ներդրողներին և գործարարներին հետաքրքրող տեղեկատվությունը կդառնա առավել թափանցիկ ու հասանելի
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համագործակցության մեկնարկը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։ Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։ Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետա կան աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։
Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։
Հանդես գալով որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկեր՝ B4B.am կենտրոնը տեղեկատվական ու խորհրդատվական բնույթի աջակցություն կցուցաբերի թե՛ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպություններին, թե՛ ներդրումների կարիք ունեցող տեղական ընկերություններին՝ իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում։
Առաջիկա ամիսներին կմշակվի նաև B4B Pro համակարգի ներդրման մեխանիզմը, որը ներդրողներին և գործարարներին թույլ կտա առցանց եղանակով ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ տնտեսության առանձին ոլորտների, շուկաների և ընկերությունների վերաբերյալ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծեց, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։