Ծակքարի մանկապարտեզը գործել կսկսի 2017 թվականի ընթացքում
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի մանկապարտեզն ավելի քան 25 տարվա ընդմիջումից հետո կվերաբացվի եւ կգործի 2017 թվականի ընթացքում:
Ինչպես տեղեկացրեց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, Ծակքարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որ մեկնարկել էին 2015 թվականի վերջերից «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինասնական միջոցներով եւ Ծակքարի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ, ավարտին կհասցվեն 2017 թվականի ընթացքում:
Դրանից հետո հաստատությունն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ:
«Ծակքարի մանկապարտեզի հիմնանորոգման համար «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ, Ծակքարի գյուղապետարանի կողմից հատկացված համաֆինանսավորման գումարը կազմել է շուրջ 13 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքների հիմնական մասն ավարտված է, մնում է ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները եւ նախապատրաստվել մանկապարտեզի գործարկմանը, ինչը ծրագրում ենք անել այս տարվա ընթացքում:
Նախորդ տարվա դեկտեմբերյան ցրտերը շինարարներին հնարավորթյուն չտվեցին ավարտել կիսատ մնացած աշխատանքները, որոնք այս տարի կվերսկսվեն եղանակների տաքացման պես: Ջրահեռացման համար նոր սեպտիկ հորի կառուցման անհրաժեշտություն առաջացավ, որն իրականացվեց տեղական բյուջեի միջոցներից հատկացված շուրջ 4 միլիոն 200 հազար դրամի հաշվին:
Լիահույս ենք, որ այս տարվա ընթացքում մենք կունենանք ամենաարդիական պայմաններին համապատասխան ու գործող մանկապարտեզ՝ 4 խմբերով եւ 120 տեղով»,-նշեց համայնքի ղեկավարը: Նույն աղբյուրի ներկայացմամբ՝ 2016 թվականին Ծակքարում ծնվել է 45 երեխա: