Օպտիմալացման արդյունքում տնտեսվել է ավելի քան 5 միլիարդ դրամ. ՀՀ վարչապետ
ЭкономикаՀՀ կառավարության օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Հրավիրված ասուլիսում ամփոփելով նոր կառավարության 100 օրվա գործունեությունը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կրճատումների մեջ կա հստակ տրամաբանություն, պետական ապարատում կան բազաթիվ խնդիրն եր, որոնց լուծմանը գործադիրը գնալու է քայլ առ քայլ:
Մասնավորապես, այդ խնդիրների թվում վարչապետն առանձնացրեց պետական ծառայողների վարձատրության հարցը՝ նշելով, որ աշխատավարձերը չափազանց ցածր են, ինչի արդյունքում առաջանում են նաև կոռուպցիոն ռիսկեր:
Ըստ վարչապետի՝ պետական ծառայողների վարձատրությունը պետք է կախված լինի իրենց գործունեությունից:
«Չափազանց կարևորում եմ, որ կարողանանք ձեզ հետ ստեղծել համատեղ աշխատանքի նորմալ պայմաններ և հարաբերություններ: Մեր կառավարության աշխատանքի մեջ կարևոր է, որ հասարակության լայն շերտերի հետ ապահովենք հետադարձ կապ, քաղաքացիներին շահագրգռենք, որպեսզի մասնակցեն մեր նախաձեռնություններին»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով յուրաքանչյուր ոլորտում իրականացված աշխատանքները, խնդիրների ախտորոշման արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչ է արվել 100 օրվա ընթացքում:
Ըստ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, պետական կառավարման համակարգի արդիականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվել են մի շարք կոնկրետ քայլեր, ընդունվել են օրենսդրական նախագծեր, մշակվել է զարգացման տեսլականը:
Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ընդունվել է շուրջ երեք տասնյակ օրենսդրական ակտ, ներդրումների ոլորտում՝ 35 նախագիծ, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ոլորտում ևս իրա կանացվել են միջոցառումներ, որպեսզի բիզնեսը, գործարար աշխարհը չտուժի անընդհատ ստուգումներից:
Կարեն Կարապետյանի տեղեկացմամբ՝ Իրանի ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ էլ շուտով կհայտարարվի մրցույթ, կլինեն առաջարկություններ և կառավարությունը կընտրի այն խմբին, որն այդ ԱՏԳ-ի գործունեության իրականացման գործառույթը կիրականացնի: