Վարչապետը պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման հիմնական ճանապարհ համարում է տնտեսության զարգացումը
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է պետական կառավարման համակարգում այնպիսի պայմանների ստեղծումը, որի արդյունքում կառավարությունը կկարողանա վարձել լավագույն մասնագետներին:
Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն, անդրադառնալով պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերի խնդրին, ընդգծեց, որ այդ խնդիրը լուծելու հիմնական ուղին երկրի տնտեսությունը զարգացնելն է:
«Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի հարցում մենք այս պահին լուծում չունենք: Հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա, մեր մուտքերը և եկամուտները պետք է ավելանան, մեր շահույթները պետք է շատանան, որպեսզի վարձատրման համակարգն աճի»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հավելեց, որ այս պահին բիզնեսն ունի առավելություն, քանի որ կարողանում է վարձել լավագույն մասնագետներին, իսկ կառավարությունն այդ հնարավորությունը չունի և այդ խնդիրը լուծելու վերջնական տարբերակ էլ չունի:
ՀՀ վարչապետի գնահատմամբ` այդ հարցը լուծելու հիմնական ճանապարհը երկրի տնտեսությունը զարգացնելն է, որպեսզի հնարավոր լինի հասնել տրամաբանական լուծման: