ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչև 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ:
Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զ արգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ:
Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաև արտերկրի բարձրակարգ մասնագետների:
Վարչապետը ողջունել է ներկայացված ծրագրային փաթեթի մշակումը և կարևորել պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կրթական կենտրոնների միջև ակտիվ ու շարունակական համագործակցությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով: Գործադիրի ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը և առաջարկել ձևակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը: