Հանրային խորհուրդն Ադրբեջանին բլոգեր Լապշինի չարտահանձման առաջարկով նամակ կհղի Լուկաշենկոյին
ОбществоՀՀ Հանրային խորհուրդը հունվարի 17-ին կայացած քննարկման արդյունքում պատրաստել է Բելառուսում Բաքվի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու առաջարկով նամակ, որն ուղղված է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով:
Այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայն քննարկում, որին մասնակցել եննաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը: Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն:
Նամակի տեքստն ամբողջությամբ
«Բելառուսի Հանրապետության Նախագահ
Ալեքսանդր Լուկաշենկոյին
Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմում է Ձեզ հայտնի բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի կապակցությամբ:
Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այն տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի խաղաղ կարգավորման ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում միջազգային հանրության կողմից: Դրան զուգահեռ ոչմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ, պետական ու քաղաքական գործիչներ այցելում են Երևան, Ստեփանակերտ և Բաքու` փորձելով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակը: Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցը խիստ մտահոգիչ է հատկապես այդ տեսանկյունից:
Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանը 180 լրագրողների հայտարարել է «personae non grata», իսկ Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2016 թ. դեկտեմբերի 7-ին թարմացված «սև ցուցակում» արդեն իսկ ընդգրկվել է 623 անձ՝ ներառյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն և օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, վկայում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ այդ ցուցակում ներառված է նաև Բելառուսի հինգ քաղաքացի:
Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:
Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի:
Հայաստանի Հանրապետության
Հանրային խորհուրդ
17.01.2017 թ.»»։