Հայկական ինժեներական մտքի երկրորդ թռիչքը
ИнтервьюՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը «Փաստի» հետ, զրույցում խոսելով հայաստանյան բուհերում առկա խնդիրների մասին, ասաց, որ ի տարբերություն մյուսների` նշված բուհում առաջինն է ներդրվել մի համակարգ, որտեղ ձևավորված ինստիտուտների և համապատասխան գործիքակազմի շնորհիվ հնարավոր կլինի գիտական, կրթական, ակադեմիական և տնտեսական ազատություններից օգտվելով` զբաղվել նաև տնտեսական գործունեությամբ և լրացուցիչ եկամուտներ ստանալ:
«Բուհում և՛գիտակրթական, և՛ փորձարարական հնարավորությունները կան, մնում է այդ ամենը կապիտալիզացիայի ենթարկել և լրացուցիչ եկամուտներ ստանալ: Պետք է ամեն ինչ անել ձեռնարկությունների հետ աշխատելու և հայկական ինժեներական միտքը տեղական արտադրությունում ներդնելու համար»,- ասաց Ս.Նիկոյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ ժամանակին բուհն է օգնել շատերին կայանալ, բայց հիմա արդեն եկել է ժամանակը, որ կայացած հասարակական, քաղաքական ու տնտեսական գործիչները մտածեն ոչ միայն բուհին օգտակար լինելու մասին, այլև հնարավորություն տան, որ պոլիտեխնիկում կուտակված գիտական միտքը դառնա ապրանք, այն օգտագործվի, շահույթ բերի և արդեն ետ վերադառնալով` պայմաններ ստեղծի նոր գիտական նվաճումները կյանքի կոչելու համար:
Ու եթե իսկապես նշված նախագծերը կյանքի կոչվեն, ապա վստահ կարելի է ասել, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը նորից կշարունակի հպարտանալ իր ինժեներական մտքով, իսկ ինժեներներն էլ իրենց գյուտերով կզարմացնեն աշխարհին:
Արմինե Գրիգորյան