Մարտիրոս Սարյանի նկարները կցուցադրվեն Նովոսիբիրսկում
КультураՄարտիրոս Սարյանի ստեղծագործությունները 2017 թվականի մարտին կցուցադրվեն Նովոսիբիրսկի պատկերասրահում: Կայանալիք ցուցահանդեսի և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ:
«Նման միջոցառում իրականացնելու առաջարկը և ցանկությունը Նովոսիբիրսկի հայ համայնքինն էր: Այս հարցով նրանք սկզբում դիմել էին ՀՀ սփյուռքի, այնուհետև ՀՀ մշակույթի նախարարություններ: Գնահատելով համայնքի քայլը՝ ընդառաջ գնացինք մեր հայրենակիցներին»,-նշեց Ռուզան Սարյանը:
Տուն-թանգարանի տնօրենի խոսքով՝ ցուցահանդեսը նախապատրաստական փուլում է: «Իրենց մասնակցությունն են ունենալու նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, Ռուսական արվեստի թանգարանը: Ցուցադրությունը ծրագրված է իրականացնել մարտի վերջին: Այն կտևի մինչև մայիսի վերջը»,-ասաց Սարյանը՝ հավելելով, որ ժամանակը սուղ է, և դեռ շատ աշխատանք կա անելու:
Տնօրենն ընդգծեց, որ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները երբևէ չեն ներկայացվել Նովոսիբիրսկի արվեստասերներին, այդ իսկ պատճառով իրենք որոշել են ցուցադրել նրա գործունեության բոլոր շրջանների ստեղծագործությունները:
Անդրադառնալով Մ. Սարյանի տուն-թանգարանի գործունեությանը՝ տնօրենն ասաց, որ վերաբացումից հետո մինչ Նոր տարի իրենք 5000 այցելու են ունեցել, ինչը տարվա այդ շրջանի համար աննախադեպ երևույթ է: «Հիմնականում այցելել են հայաստանաբնակները, եղել են նաև Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ»,-նշեց նա:
Սարյանը խոսեց նաև տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերի մասին՝ ասելով, որ նկարել սովորող տարբեր տարիքի երեխաները հետաքրքիր աշխատանքներ են ստեղծել, և իրենք մտածում են դրանք ներկայացնել նաև հանրությանը՝ ցուցահանդես կազմակերպելով:
«Վերանորոգումից հետո մեզ մոտ համերգներ են ունեցել Տիգրան Համասյանը, Վահան Արծրունին, Աննա Մայիլյանը: Պատրաստվում ենք նմանատիպ համերգային ծրագրեր իրականացնել նաև հետագայում»,-ընդգծեց Ռուզան Սարյանը: