«Ալաշկերտ»-ն Անթալիայում չորս ստուգողական խաղ կանցկացնի
СпортՀաստատվել է «Ալաշկերտ»-ի անթալիական հավաքի ստուգողական խաղերի ցանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ Հայաստանի չեմպիոնը երևանյան մարզումներն անցկացնում է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Դրանք կավարտվեն հունվարի 30-ին, և հաջորդ օրը մեր թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:
Անթալիայում չորս ստուգողական հանդիպում է նախատեսված: Փետրվարի 3-ին մեր թիմը կմրցակցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնո» թիմի հետ: Լենինգրադի մարզի համանուն քաղաքը ներկայացնող այս թիմը շատ մոտ է Պրեմիեր լիգա տեղափոխվելուն, քանի որ, թեև 5 միավորով զիջում է առաջատար Մոսկվայի «Դինամոյին», բայց 7 միավորով գերազանցում է հետապնդող Խաբարովսկի ԲՄԱ-ին:
Հաջորդ փորձամրցումն «Ալաշկերտը» կանցկացնի դարձյալ ռուսաստանյան թիմի հետ: Այս անգամ մեր թիմի մրցակիցը կլինի Պրեմիեր լիգայի հնաբնակներից մեկը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին:
«Ալաշկերտի» հաջորդ երկու մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ատիրաուն» և «Ակժայիկն» են: Այս հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, փ ետրվարի 9-ին և 12-ին:
Հաջորդ օրն «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և 3 օրից կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը: