Սահմանամերջ Վահան գյուղում ստեղծվում են անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ
ЭкономикаԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում իրականացման ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են անասնապահության զարգացմանը:
Ինչպես տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի վերջերին «Ասիական զարգացման բանկ»-ի հետ համագործակցությամբ «Խոյի աղբյուր» կոչվող արոտավայրում կառուցվել է ջրարբիացման համակարգ: Տեղադրված խմոցներն արդեն ծառայում են իրենց նպատակին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 114 հազար դրամ, որից Վահանի գյուղապետարանի ներդրումը կազմել է 408 հազար դրամ: Նույն ծրագրի շրջանակներում բացվել է անասնաբուժական կետ, որտեղ անվճար դեղեր են տրամադրվում անասնապահական տնտեսություններին:
Ծրագրի վրա ծախսվել է 770 հազար դրամ, որից 66 հազարը ներդրել է Վահանի գյուղապետարանը: Սակայն անասնապահության համար ներդրվող ծրագրերի հիմնական մասը պետք է իրականացվի 2017 թվականի ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակ ության ծրագրի» եւ «Ավստրիական զարգացման ծրագրի» միջոցներով, ինչպես նաև Վահանի գյուղապետարանի համապատասխան ֆինանսավորմամբ:
«Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար արդեն ծրագրով մեզ հասանելիք 5 միլիոն դրամը փոխանցել ենք ու սպասում ենք գյուղտեխնիկայի ներկրմանը, որը շահագործվելու է գյուղում ստեղծված անասնապահական կոոպերատիվի կողմից: Գյուղտեխնիկան ձեռք ենք բերելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարության եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում:
Նույն ծրագրով նախատեսված է նոր արոտների ջրարբիացում եւ անասնապահական փարախի եւ հովվի տնակի կառուցում: Մեկ ուրիշ արոտավայրում էլ հովվի տնակ եւ փարախ կկառուցվի «Ավստրիական զարգացման ծրագրի» միջոցներով: Փարախը եւ հովվի տնակը գիշերները լուսավորվելու են արեւային էներգիայով:
Նույն ծրագրի աջակցությամբ պետք է իրականացնենք տոհմաբուծության զարգացման ծրագիր, որով կբարձրացնենք խոշոր եղջերավորների մթերատվությունը: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի անասնապահությունը Վահանում դառնա եկամտի կայուն աղբյուր եւ ունենա զարգացման ամենալայն հնարավորություններ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վահանի տնտեսություններում պահվում է 1202 գլուխ խոշոր, 1425 գլուխ մանր եղջերավոր անասուն, 145 գլուխ խոզ:1202 գլուխ խոշորից 610-ը կովեր են, 439-ը՝ երինջներ, որոնցից 107-ը՝ սերմնավորված: 1425 գլուխ մանր եղջերավորներից մաքիները կազմում են 1082 գլուխ: