Հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել
ЭкономикаՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և «Согласие» («Համաձայնություն») ԲԲ ընկերությունների հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝ հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։
Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի ա շխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:
Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին այս և մի շարք այլ հարցերի քննարկումը։