ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփել են «Գաղափարների մրցույթը»
ОбществоՀՀ պաշտպանության նախարարություն վարչական համալիրում հունվարի 25-ին ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագիծ ՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։
Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված, հմուտ, առողջ, պատրաստված, քան զորակոչվող երիտասարդը։ Այս համատեքստում խոսելով բանակում կրթական համակարգի կատարելագործման մասին՝ նախարարը փաստել է, որ այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվում։
Այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները հաջորդաբար ներկայացրել են իրենց նախագծերը: Դրանք ներառում են կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, սոցիալական, ճանաչողական և այլ ոլորտներ։
Գնահատման հանձնաժողովը «Գաղափարների մրցույթի» հաղթողին կորոշի 10-օրյա ժամկետում, և հաղթող ճանաչված նախագծի հեղինակին կամ հեղինակային խմբին կտրամադրվի 2 միլիոն դրամաշնորհ՝ նախագիծը կյանքի կոչելու համար։