ՔԾԽ նախագահը քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրեր է հանձնել
ОбществоՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հունվարի 25-ին հանդիպեց այս տարվա ընթացքում քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման առաջին փուլին մասնակցած և հաղթահարած մի խումբ երիտասարդների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից:
Մանվել Բադալյանը նրանց շնորհավորեց թեստավորման արդյունքում հավաստագիր ձեռք բերելու իրավունք ստանալու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց քաղաքացիական ծառայության համակարգում հետագա գործունեության ընթացքում: «Քաղաքացիական ծառայող լինելը միաժամանակ և՛ պատիվ է, և՛ առաքելություն, և՛ պատասխանատվություն: Շատ դժվարությունների կհանդիպեք աշխատանքի ընթացքում, սակայն պետական ծառայությունն ինքնին պետության առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները հաղթահարելն է:
Ամենակարևորը գիտակցելն է, որ այն գործունեությունը, որը ծավալելու եք ի պաշտոնե, ոչ թե ձեզ տրված առանձնաշնորհ է, այլ ծառայություն` բառի ամենավեհ իմաստով. ծառայություն քաղաքացուն, հասարակությանը և պետությանը: Մեր պետական ծառայողների որոշ մասի մոտ այդ ընկալումը դեռ բավարար չափով չի ամրապնդվել, և մեր շատ խնդիրներ նաև դրա հետ են կապված:
Ուրախ կլինենք, եթե ձեր մասնագիտական կարողություններով, թարմ մտածողությամբ, համեստությամբ ու հայրենասիրությամբ նոր որակ հաղորդեք քաղաքացիական ծառայությանը»,- ասաց Խորհրդի նախագահը: Նա նշեց, որ ի տարբերություն հավաստագիր ստանալու թեստավորմանը մասնակցած նախորդ խմբերի՝ ա յս անգամ տոկոսային հարաբերակցությամբ գրանցվել է հաղթողների նկատելիորեն բարձր ցուցանիշ, ինչը ոգևորիչ է:
Երիտասարդները գոհունակություն հայտնեցին թեստավորման կազմակերպական աշխատանքների մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ թեստավորումն անցկացնող հանձնաժողովի կողմից մասնակիցների նկատմամբ դրսևորվում է սրտացավ վերաբերմունք: Նրանք նշեցին, որ թեստային առաջադրանքն իրականում այնքան էլ բարդ չէ դպրոցական հանրակրթական ծրագրերը յուրացրած լինելու պարագայում:
Հանդիպման վերջում Բադալյանը երիտասարդներին հանձնեց հավաստագրերը՝ կրկին շնորհավորելով նրանց և հույս հայտնելով, որ համառության, հետևողականության և նպատակասլացության միջոցով կկարողանան ջարդել պետական ծառայության ներսում և նրա շուրջը ձևավորված որոշակի բացասական կարծրատիպեր, չեն տրվի իներցիոն երևույթների՝ նպաստելով պետական ծառայության արդյունավետությանը և դրա նկատմամբ հասարակության վստահության մեծացմանը:
Թեստավորման այս տարվա առաջին փուլին մասնակցել է 152 քաղաքացի, որոնցից 35-ը արդյունքում ստացել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր: