Ռոման Ամոյանին միշտ հաջողվել է հաղթանակներ տոնել
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանը ավարտում է մարզական կարիերան:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ըմբիշը: «Շատ դժվար եմ իմ այս որոշումն ընդունել: Շատ եմ մտածել այս մասին: Պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում գալիս է մի պահ, որ պետք է թողնել մեծ սպորտը: Լինում են պահեր, որ օրգանիզմդ չի ենթարկվում: Ինձ միշտ հաջողվում էր հաղթանակներ տոնել, հիմա արդեն չի ստացվում, և հիմա ճիշտ ժամանակն է, որ թողնեմ մեծ սպորտը»,-շեշտեց Ամոյանը:
Խոսելով շրջապատի արձագանքից` Ամոյանը փաստեց, որ բոլորն են տխրել իր այդ որոշման պատճառով: «Բոլորն արդեն համակերպվել են, և ամենադժվարը տարել են ընտանիքիս անդամները»,-ասաց նա:
Օլիմպիական մրցանակակիրը խոստովանեց, որ հիմա իր ամբողջ ժամանակը տրամադրելու է ընտանիքին, իր երեխաներին: «Պրոֆեսիոնալ սպորտում լինելով՝ քիչ ես մնում ընտանիքիդ կողքին, հիմա միշտ ուզում եմ երեխաներիս հետ լինել»,-եզրափակեց ըմբիշը:
Ռոման Ամոյանը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2009 թվականի աշխարհի առաջնության, 2003, 2005, 2008, 2016 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2006 և 2011 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: