Սերգեյ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանի ավիացիոն ոլորտում դեմպինգ գոյություն չունի
ЭкономикаՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հերքում է Հայաստանի ավիաոլորտում դեմպինգի առկայությունը:
«Դեմպինգն օրենքով կարգավորված փաստ է, որի առկայության դեպքում իրականացվում են համապատասխան գործառույթներ: Մենք չենք տեսնում այդ դեմպինգները, տեսնում ենք մրցակցություն, խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները, այո, շատ ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանը` անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության սեփականատերերի՝ նախորդ տարեվերջին արած այն հայտարարությանը, թե հայաստանյան ավիաշուկայում հանցավոր մրցակցություն ու դեմպինգ կա:
Ավետիսյանի խոսքով` այդ ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը հայաստանյան շուկայում:
«Որպես օրինակ կարող եմ նշել այն հանգամանքը, որ մենք օրական միայն Մոսկվայի ուղղությամբ ունենում ենք 14-15 չվերթ: Ես կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ինչ մրցակցություն է այստեղ»,- նշեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը: