ՀՀ կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 26-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների ձևավորմանը և այլն:
Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, բուսայուղերի արտադրության կազմակերպման, գյուղմթերքի վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման, դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման աշխատանքներով զբաղվող կոոպերատիվի հիմնման վերաբերյալ ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր:
«Գործարարներից ստացվող բիզնես ծրագրերը պետք է մաքսիմալ արագ ուսումնասիրել և արձագանքել: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական, հասցեական և կոնկրետ՝ տնտեսական արդյունքների, եկամտաբերության և ռիսկերի գնահատմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել հավանության արժանացած ծրագրերը և ընթացք տալ: