Սննդի ոլորտի հայկական ընկերությունները ծանոթացել են «Արաս» տնտեսական գոտում գործելու հնարավորություններին
ЭкономикаՀայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավ արությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։
Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել է ներկաներին, հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի երկու կողմերի համար՝ նպաստելով առաջիկայում հաջողված համագործակցությանը։
«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նկատել է, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար։
«Մեր ազատ տնտեսական գոտին սահմանակից է Հայաստանին և ունի 51 հազար հեկտար մակերես։ Այստեղ ակտիվ գործում են մոտ 400 ընկերություններ` արդյունաբերության տարբեր ոլորտներից։
Ունենք գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման գործարաններ, ջերմոցային տնտեսություն, ունենք նաև լավ պոտենցիալ մեր տարածքում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար»,-ասել է Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։
Թարմ և չոր պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ագրոլոգ» ընկերությունը, որն անցյալ տարվանից արդեն ներկայացնում է օրգանիկ գյուղատնտեսության ճյուղը, ցանկանում է արտահանել իր արտադրանքն իրանական շուկա։ Ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանը կարծում է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Իրանում այս արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է։
Գյուղատնտեսության մեջ անասունների կերերի հավելում և հողերի բարելավիչ համարվող բնական ցեոլիտի արտադրություն ծավալող «Zeolite Pro» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ հետաքրքրված են Իրանում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորությամբ՝ կլինի ազատ տնտեսական գոտում գործելու, թե մեկ այլ տարբերակով։