Հայկական զինուժը ճիշտ մարտավարություն է իրականացնում. պետք չէ պաշտպանությունից անցնել հարձակման. Վաղարշակ Հարությունյան
АналитикаՆախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չի կարծում, որ Հայկական զինուժը պաշտպանողական մարտավարությունից պետք է անցնի ավելի հարձակվողական մարտավարության, ինչպես որոշ ռազմական գործիչներ են պնդում:
«Ոչ, մարտավարությունը ճիշտ է ընտրված, այդ մարտավարության շնորհիվ մենք ունենում ենք հաջողություն նաև քաղաքական դաշտում, դիվանագիտական և բանակցային»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ մասնավորապես գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, մշտապես կողմ է արտահայտվել մարտավարության փոփոխությանը` պաշտպանողականից անցմանը դառնալով հարձակողական բանակի։ Ըստ Կոմանդոսի՝ սա կսթափեցնի ադրբեջանական կողմին ու կստիպի զերծ մնալ դիվերսիոն գործողություններից:
Հարցին, թե ինչ հաջողություններ ենք ունեցել բանակցային փուլում, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Հաջողությունն այն է, որ Ադրբեջանը որևէ միջազգային կառույցում չի հասնում իր նպատակներին: Չի հասնում իր նպատակներին ՄԱԿ-ում, Մինսկի խմբում, դրա համար բողոքում է, թե Մինսկի խումբը չի գործում, բողոքում է, որ չեն բերվում համապատասխան առաջարկներ ու հարցը չի լուծվում»,- ասաց նա:
Իսկ թե նույն միջազգային կառույցները իրենց հայտարարություններում որևէ կերպ հասցեական կերպով ադրբեջանական կողմին սաստո՞ւմ են, որ խախտում է պայմանավորվածությունը, որ դիվերսիա են իրականացնում, որի հետևանքով երկուստեք զինվորներ են զոհվում, պատասխանեց. «Իհարկե, նրանք խուսափում են դրանից, դա բնական է, բայցև երբ Ադրբեջանը հրաժարվում է պայմաններից, օրինակՙ տեղադրել վերահսկողության մեխանիզմներ՝ պարզելու համար, թե ով է խախտում զինադադարը, բոլորին ակնհայտ է դառնում, որ չի ուզում, որովհետև ինքն է խախտում, իսկ դա պարտություն է: Եթե ուշադիր նայեք՝ համանախագահների շատ որոշումներ կան, որ չեն իրականանում, բայց գիտակցում են՝ ով է դրանք խախտում»:
Վաղարշակ Հարությունյանը մատնացույց արեց ՌԴ-ի կողմից ներկայացնող նախկին համանախագահ Կազիմիրովի հարցազրույցներից մեկը, որում նշել էր, որ Ադրբեջանը սխալ մարտավարություն է ընտրել և դրել է իր առջև մի խնդիր, որը չի լուծվում․ ցանկանում է՝ որ Ղարաբաղը կարգավիճակ չունենա:
Մեր դիտարկմանը, թե նախկինները հայտարարում են, ներկաները դա չեն անում, դեռ մի բան էլ՝ երբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում իրենց զինվորի դիակը հայկական կողմում էր, հայկական կողմին էին սաստում, հիշեցնում հումանիտար սկզբունքների մասին, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Ակնհայտ է մի բան․Ադրբեջանը, դնելով խնդիր՝ վերցնել Ղարաբաղը, չի կարողանում դա անել, վե՛րջ, սա է փաստը»: