Գագիկ Մակարյանը մի քանի տարբերակ է հաշվարկել աղքատության մակարդակի նվազեցման համար
ЭкономикаՀայաստանում ամենագլոբալ խնդիրը պետք է լինի աղքատության մակարդակի նվազեցումը:
Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա դիտարկմամբ` Հայաստանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի դրա հաղթահարմանը, ինչը կարևոր խնդիր կարող է հանդիսանալ նաև կառավարության ծրագրերի և ընտրական քարոզարշավների դեպքում:
«Հաշվարկներ եմ կատարել, որ Հայաստանում աղքատության մակարդակի երկու անգամ նվազեցման համար կամ պետք է 100 հազարի չափով նոր աշխատատեղեր ստեղծվեն, կամ այդ ընտանիքիների համար, որպես լրացուցիչ միջոց, պետք է մուտք գործի 380-400 մլն դոլար, տրանսֆերտներն ավելանան մոտ 40 տոկոսով, կամ էլ բնակչության ընդհանուր գնողունակությունը` 10 տոկոսով»,- ասաց Մակարյանը` հավելելով, որ ամենակարճ ճանապարհը 380-400 մլն դոլարի միջոցների մուտքն է, որը հնարավոր է տրանսֆերտների մոտ 40 տոկոս ավելացման շնորհիվ:
Նրա կարծիքով՝ դա հնարավոր է տեղի ունենա, քանի որ ՌԴ-ի տնտեսական աճը և ԱՄՆ-ի հնարավորությունների լավանալը կավելացնեն տրանսֆերտները դոլարով և ռուբլիով, սակայն այդ պարագայում Հայաստանը կախյալ կմնա այլ երկրների տնտեսական վիճակներից:
Գործատուների հանրապետական միության նախագահի կարծիքով` Հայաստանի լավագույն տարբերակը սեփական հնարավորությունների ստեղծումն է:
«Կարևոր է այն, որ կառավարությունը ուշադրություն է դարձնում զբաղվածության խթանմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլ հնարավորությունների ընդլայնմանը, որոնք կարող են լուծել այդ հարցերը»,- հավելեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: