Տնտեսագետն առանձնացրել է Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեցող 6 տարածքները
ЭкономикаՏնտեսական աճն ամբողջ աշխարհում փոքր տեմպերով է առաջ ընթանում: Դրա հետ մեկտեղ պետք է առանձնացնել այն երկրները, որոնք Հայաստանի տնտեսության համար ազդեցություն ունեն:
Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` ՀՀ-ի տնտեսությունում մեծ է Ռուսաստան ի դերը, որի տնտեսական ակտիվությունը 2017-ին կանխատեսվել է1.5 տոկոս:
«Հաշվարկել և միջինացրել եմ 6 տարածքներ, այդ թվում` Հայաստանը, որոնք մեր երկրի տնտեսության համար կարևոր են: Դրանք են ԱՄՆ-ի, Եվրամիության, նոր զարգացող տարածաշրջանների, ՌԴ-ի, Չինաստանի և Հայաստանի տարածքները: Այդ տարածքների ցուցանիշը 2017 թվականին երկու անգամ կգերազանցեն 2015-ինը: Այսինքն` շատ բարենպաստ իրավիճակ է առաջանում բոլոր տեսանկյուններից, որոնք ՀՀ-ն կարող է օգտագործել իր տնտեսական խնդիրները կարգավորելու համար»,- ասաց նա` հավելելով, որ հարկավոր է նաև ԱՄՆ-ի դերը գնահատել համաշխարհային տնտեսական աճի ապահովման գործում:
Նրա կանխատեսմամբ` տրանսֆերտների ավելացում տեղի կունենա թե դոլարով, թե ռուբլով, և բնականաբար վերջինս կշարունակի գերակշռել, քանի որ հայկական տրանսֆերտների 70-75 տոկոսից ավելին բաժին է ընկնում ռուսականին: Այն, ըստ տնտեսագետի, կհանգեցնի երկրում ռուբլու ազդեցության ուժեղացմանը և կխթանի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը:
«Ռուբլու կուտակումը կբերի մտայնության, թե ինչպես այն ծախսել, և որոշ առևտրային կազմակերպություններ կփորձեն այդ ռուբլին ծախսել հենց Ռուսաստանում գնումներ կատարելով»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով` մյուս կողմից Եվրամիության տարածքում անկում կլինի: Չնայած պղնձի գների ավելացման միտմանը՝ կարող է ռիսկ լինել, որ արտահանման ծավալները կկրճատվեն: Սակայն հակակշիռն այն է, որ մետաղների մի մասն արտահանվում է նաև ԱՄՆ, ոսկու մոտ 90 տոկոսը՝ Կանադա, որի արդյունքում հնարավոր է հավասարակշռությունն այնքան էլ մեծ չափով չփոխվի:
Մակարյանի հաշվարկներով՝ Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները կաճեն մոտ 10 տոկոսով, ինչպես նաև կավելանան ՌԴ-ից և Եվրամիությունից ներմուծման ծավալները: