Հայաստանը Չինաստանում ստեղծում է առևտրական կցորդի հաստիք
ЭкономикаՀայաստանի կառավարությունը Չինաստանում ստեղծելու է ՀՀ առևտրական կցորդի հաստիք՝ երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգում:
Կցորդը տեղակայվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում: ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի պահպանման ծախսերի համար նախատեսված է 41.8 մլն դրամ: ՀՀ Նախագահի 2015 թվականի մարտի 24-28-ը ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։
Ակնկալվում է, որ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: