Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր ORER.am-ը, Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույց էին անցկացնում Եկմալյան 4-16-ի թաղամասի, Բյուզանդի, Հանրապետության փողոցների՝ բնակարաններից զրկված քաղաքացիները: Բնակիչները փակել էին ճանապարհը, ինչից հետո Կառավարության տարածք ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ինքնազգացողությունը վատացած մեկ կնոջ հարցրեց, թե ինչո՞ւմն է խնդիրը, ինչին մեկ այլ քաղաքացի պատասխանեց, որ Երևանի փոխոստիկանապետն արդեն հազար անգամ այդ հարցը տվել է: «Դուք ստում եք, ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում»,-պատասխանեց Օսիպյանը, իսկ ինքնազգացողությունը վատացած կնոջը հորդորեց չգոռալ և կարգը չխախտել, ասելով, որ գոռալով ոչնչի չեն հասնի: Քաղաքացին գրպանից հանեց դեղահաբերն ու ցույց տալով Օսիպյանին ասաց.ՙ«Տեսեք ինչ օրն են գցել: Ամեն րոպե ուշաթափվում եմ: Տունս ձեռքիցս խլել են, սուս-փուս նստե՞մ, չգոռա՞մ, չխոսե՞մ»: Բարձր տոնով խոսող քաղաքացուն ի պատասխան Օսիպյանն ասաց. «Դուք խոսում եք, ու չես լսում, թե ես ինչ եմ ասում: Խոսեք, տեսնեմ ինչերի կհասնեք խոսելով: Սահմանադրական ճանապարհով փորձեք հասնել: Հանդիմանանքին, թե Սահմանադրությունն իրենց է, Օսիպյանը հակադարձեց. «Սահմանադրությունը ձերն է»: