Նախարարը վստահեցնում է, որ նոր գյուղտեխնիկան հասանելի կլինի գյուղացիների համար
ЭкономикаԿառավարությունը մշակում է ծրագիր, որով գյուղտեխնիկան լիզինգի՝ տարաժամկետ վճարման միջոցով կտրամադրվի գյուղացիական տնտեսություններին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ վստահեցնելով, որ նոր գյուղտեխնիկան հասանելի կլինի բոլոր գյուղացիներին:
«Հայաստանյան շուկան բաց է, կարող է գյուղտեխնիկան լինել և ռուսական, և այլ երկրների արտադրության: Ոչ միայն Ռուսաստանից, նաև Գերմանիայից, Չեխիայից, Բելառուսից, Լեհաստանից կա արձագանք: Կա ցանկություն, որպեսզի գան մտնեն շուկա ու ներկայացնեն իրենց առաջարկը: Մենք իրենցից պահանջելու ենք գներ, չի լինելու սահմանափակում, բոլոր գյուղացիներին հասնելու է տեխնիկան: Ով կցանկանա մասնակցել ծրագրին, կմասնակցի, կգնի: Իսկ ովքեր չկարողանան, նրանց համար կկիրառվի տարաժամկետ վճարումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե գյուղտեխնիկայի հարցով բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ Առաքելյանը նշեց, որ որևէ շեշտադրում չկա, պարզապես ՌԴ-ում կա ծրագիր, որով գյուղտեխնիկայի արտահանման համար բարենպաստ պայմաներ են ստեղծված, նվազում է տեխնիկայի արժեքը:
«Այսօր Ռուսաստանում արտադրվում է ինչպես ռուսական, այնպես էլ գերմանական, կանադական գյուղտեխնիկա: Խոսքը գնում է ոչ միայն ռուսական արտադրության մասով բանակցություններին, այլ մենք պայմանավորվել ենք ռուսական կողմի հետ, որ Հայաստան արտահանվող գյուղտեխնիկան կներգրավվի այդ պետական արտահանման ծրագրի մեջ»,- ասաց նախարարը: