ՍԱՊԾ-ն և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն արձանագրություն են ստորագրել
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ-ից՝ Իշխան Կարապետյանը բարձր է գնահատել Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով անասնահամաճարակային պատշաճ մակարդակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ: Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզերում արձանագրված թռչնագրիպին (գործում է ներմուծման ժամանակավոր սահմանափակում) և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղակատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումներն իրենց հսկողության տարածքներում՝ ընդգծելով, որ այս հարցում իրենց աջակցում է թե գյուղնախարարութունը, թե ՍԱՊԾ-ն՝ համապատասխան մասնագետներով ու անասնաբուժական լաբորատորիայով:
Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:
Հանդիպման վերջում Անատոլի Միխեևը պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով, որը փոխանցել է ՍԱՊԾ ղեկավարը: