Դատարանը բավարարեց դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով պաշտպանների միջնորդությունը
ОбществоՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ:
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արա Ղազարյանը միջ նորդություն ներկայացրին իրենց տրամադրել գործում առկա նյութերը լազերային սկավառակների պատճենների տեսքով, այդ թվում՝ Բարսեղյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, կաշառքի նմանակում օպերացիան և առկա մյուս ապացույցները:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել է նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 9-ին:
Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի կաշառք:
Էլզա Գարեգինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն: