Երևանում կայացավ Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» ֆիլմի պրեմիերան
Общество«Աղ ու հաց» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 4-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ Ֆիլմի հեղինակն է մոսկվայաբնակ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը, ով նաև գրող, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանի որդին է։ «Աղ ու հաց» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզում։
Հարցին, թե ինչու հենց այդ մոտիվներով, Շերմազանյանը պատասխանեց. «Ընդհանրապես աստվածաշնչյան թեմաները հավերժ ակտուալ են, հատկապես մեր օրերում։ Բայց կա նաև մեկ այլ պատճառ, երբ մեր հայրենակիցներից շատերը դրսում են ապրում ու մի օր վերադառնում են։ Ես ինքս ամեն անգամ շատ հուզվում եմ՝ գտնվելով իմ հողի վրա։ Իհարկե ֆիլմն Աստվածաշնչի հիման վրա է նկարահանված, բայց իմ հերոսը կայացել է կյանքում ու վերադարձել է հայրենի օջախ, որտեղ հայրն ու եղբայրը հետ են ընդունում նրան»։
Դերասանների ընտրությունը ռեժիսորի համար հեշտ է եղել, քանի որ նա միանգամից իր ֆիլմի կերպարներին նմանեցրել է հենց իրենց։
«Ֆիլմի գլխավոր հերոսները Խորեն և Արսեն Լևոնյաններն են, ովքեր տղամարդկային, տիպիկ հայի կեցվածքով դերասաններ են։ Գլխավոր դերակատարներից է նաև Սամվել Սևադան, ով մասնագիտությամբ իհարկե լուսանկարիչ է, բայց, իմ կարծիքով, շատ կինոմատոգրաֆիկ կերպար է, ով հիանալի նայվում է կադրում»,- նշեց Ասպետը։
Ասպետ Շերմազանյանը ցանկանում է դուրս հանել իր ֆիլմը և ցույց տալ տարբեր մարդկանց, թե ինչպես է ինքը զգում Հայաստանը, Լոռի ն, ինչպիսին է հայ մարդը։ Պահպանելու համար այդ կոլորիտը, նա շատ կարևորեց դերասանների ընտրությունը, որն իր կարծիքով շատ լավ է ստացվել։
Կինոդիտման ընթացքում ներկայացվեցին ևս երկոո ֆիլմեր, որոնցից մեկը «Մի գողացիր» կարճամետրաժ ֆիլմն էր, որը 2015 թվականին ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։