Փաշիկ Ալավերդյան.Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից, բայց դրանք բավարար չեն միջազգային հարթակների համար
СпортԵրեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի էին դուրս եկել 105 եւ +105 կգ քաշայինները:
105 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը՝ 365 կգ երկամարտի արդյունքով (160+205), փոխչեմպիոն՝ Հակոբ Հարությունյանը` 310 կգ արդյունքով (140+170), լավագույնների եռյակը եզրափակել է Դավիթ Յայլյանը՝ 270 կգ-ով՝ (120+150):
+105 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Հայկ Հակոբյանը՝ երկամարտի 340 կգ արդյունքով(160+180), երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նազիկ Ավդալյանի եղբայր Հովհաննես Ավդալյանը՝ 321 կգ արդյունքով(146+175), 3-րդ տեղը զբաղեցրեց Արմեն Խուդավերդյանը՝ 320 կգ արդյունքով(140+180):
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը:
«Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից, բայց այս արդյունքները բավարար չեն միջազգային հարթակների համար: Այս առաջնությունը փորձամրցում է նաեւ երիտասարդների համար: Ոմանք կհամալրեն ազգային հավաքականը: Այս առաջնությունում ինձ շատ գոհացրեց 105 կգ քաշային Սամվել Մարգարյանը: Նրան կփորձարկենք 94 կգ քաշային կարգում, եւ նա կարող է այս քաշում իսկապես լավ արդյունք բերել: Լավ արդյունք ցույց տվեց 85 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Նրանք երիտասարդական հավաքականից են եւ կարող են լավ օգուտ բերել մեծահասկների հավաքականին:
Մնացած քաշային կարգերի ներկայացուցիչների արդյունքները հանրապետության մակարդակով սովորական արդյունքներ են: Տարին դեռ նոր է սկսվում, շատ աշխատանք ու անելիքներ ունենք: Իսկ հավաքականի առաջատարները դեռ նոր պետք է իրենց ցույց տան: Այսպիսով՝ Սամվել Կարապետյանը, Արսեն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Կարուշ Ղուկասյանը կլինեն մեծահասակների հավաքականում եւ նրանց կփորձարկենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում»,- ասաց գլխավոր մարզիչը:
Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են հռչակվել. Լեւոն Պողոսյան (56 կգ), Դավիթ Գասպարյան (62 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ) , Դավիթ Հովհաննիսյան (85 կգ), Կարուշ Ղուկասյան (94 կգ):
Լուսինե Շահբազյան