Տրանսպորտի ոլորտի մասնագետները բարձրաձայնում են տրանսպորտային ուղևորափոխադրումների խնդիրները
ОбществоՈւղևորափոխադրումներ իրականացնողները ներկայումս մեծամասամբ աշխատում են վնասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով` ուղևորափոխադրումներ իրականացնողների վնասով աշխատելն աքսիոմ է, դրանում շատ ապացույցներ կան և որպես օրինակ բերեց վերջին շրջանում 15 եր թուղիների աշխատանքների դադարեցնելը:
«35-40 հազար մարդ այսօր երկու նստեցումով է հասնում իր ուզած վայրը: Այս պայմաններում դիզելային վառելիքը թանկացել է, իսկ այն ուղիղ հարվածով ազդում է փոխադրողների անպաշտպան խավին` ավտոբուսների վարորդներին, որոնք աշխատում են դիզելային վառելիքով: 30 դրամով թանկացումը բավականին մեծ չափի թվեր են դառնում, մեծ ծախսեր»,-ասաց Եղիազարյանը:
«ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանն իր հերթին թվային հաշվարկներ կատարեց՝ պարզելու դիզելային վառելիքի 30 դրամով թանկացումը ֆինանսական ինչ հարված է հասցնում ուղևորափոխադրումներ իրականացնողներին: Նրա հաշվարկներով` մեկ մեքենան օրվա ընթացքում ծախսում է 50 լիտր վառելիք, ինչը նշանակում է, որ 30 դրամով թանկանալու պարագայում 1500 դրամով ավելացել է մեկ մեքենայի դիզելային վառելիքի հավելյալ ծախսը: 10 մեքենայի հաշվով այն կկազմի 15 հազար դրամ, իսկ ամսվա կտրվածքով՝ մոտ 450 հազար դրամ:
«Արդյունքում ոչ ոք չի հասկանում՝ ինչի համար թանկացավ դիզելային վառելիքի գինը: Մենք չենք ստանում նաև պետության կողմից անվճար երթևեկության քարտեր ստացող մարդկանց ուղևորափոխադրման փոխհատուցման գումարները»,- ասաց նա` հավելելով, որ միայն այս տարվա մեջ երկու երթուղի փակվեց:
Միհրանյանը նաև տեղեկացրեց, որ անընդհատ փորձում են տրանսպորտային միջոցները տեխնիկական նորոգումների ենթարկեն, սակայն դրա համար միջոցները չունեն: Նրա խոսքով` բոլորն ուզում են ներդրումներ կատարել, նոր մեքենաներ շահագործել, սակայն, երբ հասկանում են, որ շահույթ չեն հետապնդելու` ներդրումներ անելու ցանկությունն էլ է վերանում: