«Արծվաբույն» ներկայացումը համալրեց Սունդուկյան թատրոնի խաղացանկը
Культура1990-ականների՝ արցախյան պատերազմից մինչ մեր օրերը պատմող «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Այս գործը գեղարվեստական ստեղծագործություն է բոլորիս հայտնի իրադարձությունների վերաբերյալ՝ հավաքական կերպարներով: Նրանում կա ցավ, տառապանք, բայց միևնույն ժամանակ մե ր ազգային բնավորությանը բնորոշ հումոր և լավատեսություն: Բազմիցս ասել եմ և չեմ վախենում կրկնել, որ այս ներկայացումը հուշակոթող է, երկրպագություն մեր մայրերին»,- նշեց բեմադրության ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:
Գլխավոր դերակատար Անդրանիկ Զաքարյանի խոսքով՝ այս ներկայացումն ավելի վաղ պետք է հանձնվեր հանդիսատեսի դատին, սակայն երբեք ուշ չէ: «Երկու տարի ծառայել եմ հայոց բանակում. իմ մարմնավորած կերպարն ինձ շատ հարազատ է: Նա վիրավոր երիտասարդ է, որը ցանկանում է կանգնել իր ընկերների կողքին և վայելել հաղթանակի ուրախությունը»,-ասաց դերասանը:
Ներկայացումը դեբյուտային էր երիտասարդ դերասան Մեսրոպ Աբտոյանի համար: «Թատրոնում հանդես եմ եկել մասսայական տեսարաններում և մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս դերին: Բեմադրության միջոցով սահմանում գտնվող տղաներին ցանկանում ենք ասել, որ իրենց հետ ենք, իրենց կողքին»,-շեշտեց Աբտոյանը:
«Շատ սիրում եմ իմ կերպարը: Նա կրում է բոլոր մայրերի մորմոքը, կարոտը, ցավն ու հպարտությունը: Պատերազմում կորցնելով որդուն և ամուսնուն՝ 80-ամյա կինը հոգ է տանում սահմանում կռվող զինվորներին՝ ուժ, արիություն ներշնչելով նրանց»,-ասաց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:
Դահլիճում ներկաները հուզմունքով և բուռն ծափողջյուններով արձագանքեցին ներկայացմանը:
«Արծվաբույն» ներկայացման իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում սահմանամերձ մի գյուղում: Բեմադրության մեջ ընդգրկվել է 13 դերասան: Կերպարները բազմազան են և հետաքրքիր՝ զինվորներ, մայրեր…Բեմադրության մեջ արտացոլված են պարզ մարդկային հարաբերություններ: Այն կարողանում է որոշակիորեն ներկայացնել մեր 25 տարվա հոգսերն ու աղերսները: