Շիրակի մարզում ներկայացվել է ներդրումային ծրագրերի մշակման առանձնահատկությունները
ЭкономикаՀՀ կառավարության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 8-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց սեմինար-դասընթաց՝ Շիրակի մարզից ներդրումային ծրագրեր ներկայացրած ու ներկայացնելու ցանկություն ունեցող գործարարների համար: Դասընթաց-սեմինարն անցկացրեցին Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, դասընթացի նպատակը ներդրումային ծրագրերի մշակման հիմնական առանձնահատկությունների ներկայացումն էր: «Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Շիրակի մարզում ցանկացած ներդրումային ծրագրի իրականացումը, մենք շահագրգիռ ենք դրանց կյանքի կոչման հարցում, իսկ եթե որևէ խնդիր ու խոչընդոտ լինի՝ նաև դրանց լուծմանը» ,- ողջունելով հյուրերին՝ նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, փաստելով, որ սեմինար-դասընթաց անցկացնելու նախաձեռնությանն առաջինն արձագանքել է Շիրակի մարզը, կարևորել է նմանատիպ դասընթացների անցկացումը՝ ծրագրերի կազմման ու հիմնավորման նպատակով:
Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրերի մշակման առանձնահատկությունները` շեշտադրելով ֆինանսական կանխատեսումների և նախագծում սեփական մասնակցության կարևորությունը, ինչպես նաև ներդրողներին ու ֆինանսավորողներին ներգրավելու համար անհրաժեշտ միջոցառումների կարևորությունը: