Տավուշը կմիանա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն իր խոսքում, բարձր գնահատելով ծրագիրը, շնորհակալություն է հայտնել «Պարենի համաշխարհա յին ծրագրին» և ՌԴ կառավարությանը՝ Հայաստանում այն կյանքի կոչելու համար:
Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդը» սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը: Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որն ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը: Կողմերն այս համատեքստում կարևորել են նորաստեղծ հիմնադրամի արդյունավետ և բարձրակարգ աշխատանքը:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հիմնադրամի կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցներում սննդի կազմակերպման տեխնիկական համալրմանը:
Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կհասնի Տավուշի մարզի դպրոցների համար նախատեսված սարքավորումների խմբաքանակը, որը հնարավորություն կտա ծրագիրն ավելի արդյունավետ դարձնել :
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր: