Ոչ պարենային ապրանքները՝ խոշորացույցի տակ
ИнтервьюՇուկայում վաճառվող ապրանքների որակին վերաբերող խնդիրներ միշտ կան և լինելու են նույնիսկ՝ ամենազարգացած երկրներում: Եվ դրանք վերացնելու համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է իրականացվում: Հույս կա, որ Հայաստանում նույնպես հայ սպառողը կկարողանա գազ, կոսմետիկ միջոցներ կամ հիգիենայի պարագաներ գնելու դեպքում այսուհետ իրեն ինչ–որ տեղ պաշտպանված զգալ:
Ամենացավոտ խնդիրը, որը մենք երկար տարիներ ունեցել ենք, այն է, որ մինչև 2017 թ.–ը Հայաստանը կոսմետիկ միջոցների տեխնիկական կանոնակարգ չի ունեցել: Հունվարի 1–ից արդեն ուժի մեջ է մտել ԵԱՏՄ–ում գործող կանոնակարգը, որը ոչ միայն սպասված էր, այլև կարող է պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք մինչ այս բարձրացնում էին սպառողները: Բայց որպեսզի շղթան անխափան աշխատի, մյուս կողմից էլ սպառողը պետք է կարողանա իր շահերը պաշտպանել:
Դրա համար անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման ապրանք գնելուց և հետամուտ լինել, որ նախընտրած կոսմետիկ միջոցը, հիգիենայի պարագան կամ ոչ պարենային այլ ապրանք ունենա հայերեն մակնշում: Մակնշումը պետք է պարունակի երեք կարևոր ինֆորմացիա՝ թե որ երկրում է տվյալ ապրանքն արտադրվել, ում կողմից է այն ներկրվել Հայաստան և ինչ նյութեր է պարունակում: Եվ եթե ապրանքների վրա փակցված մակնշումը չհամապատասխանի ապրանքի իրական որակին, ապա շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրավասու է ապրանքի վաճառքի կասեցման և տնտեսվարողին տուգանելու որոշումներ կայացնել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ORER.am-ի հետ զրույցում նշեց, որ պահանջվող մակնշումը վաճառվող ապրանքների վրա ավելացնելու համար տնտեսվարողը պետք է ընդամենը 1 դրամ գումար ծախսի, որը չի կարող ապրանքի գնագոյացման վրա ազդեցություն ունենալ:
«Այդ կերպ մենք կկարողանանք հասնել վերահսկելի վիճակի, որտեղ սպառողն իրեն ապահով կզգա: Բացի այդ, տնտեսվարողներին տեղեկացրել ենք, որ ցանկացած աշխատանքային օր, ժամը 9–ից 18:00–ը կարող են այցելել տեսչություն և տեղեկանալ, թե ինչ պահանջների պետք է համապատասխանեն ոչ պարենային ապրանքները: Եվ ուրախալի է, որ բավականին տնտեսվարող արդեն իսկ այցելել է մեզ և հույս ունենք, որ ստուգման արդյունքում խախտումներ չենք հայտնաբերի»,– ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
Տեսչական մարմինը պատրաստվում է տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության վերահսկողություն իրականացնել 32 ոլորտում: 2016 թ.–ի ապրիլից ձևավորվող մարմինը արդեն հասցրել է պատրաստել ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, պատրաստ է նաև «թեժ գծով»՝ 23 56 00, ստացվող բողոքների ընդունման հիմնական բազան, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել սպառողների կողմից բարձրացված հարցերին:
Այս ընթացքում իրականացվել է նաև 9 ոլորտային հանդիպում տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնցից մի քանիսը կազմակերպվել է մարզերում: «Իրականացվել են բավականին շատ հանրային իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարին կից ստեղծվել է խորհուրդ, որտեղ ներգրավվել են դաշտում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները: Մենք պարտավորվել ենք ամեն եռամսյակ հանդիպել նրանց հետ և տեղեկություն փոխանակել կատարված աշխատանքների մասին»,– ասաց Լ. Խալիկյանը:
Նարե Գրիգորյան