Արաբական լիգան կհակազդի Սիրիայի մասնատմանը
Международные новостиՉնայած մամուլում արտահոսք եղավ այն մասին, որ Ռուսաստանի կողմից Սիրիային առաջարկված սահմանադրությամբ նախատեսվում է երկիրը դաշնային դարձնել (քրդական ինքնավարության նախնական ֆիքսմամբ), բավական երկար ժամանակ արաբական աշխարհից արձագանքներ չկային խնդրի վերաբերյալ:
Եվ, իհարկե, ճշմարիտ են բոլոր նրանք, որոնք զարմացած են հատկապես Արաբական լիգայի լռությամբ, որի նախագահ Ահմեդ Աբուլ Գեյթը մի անգամ չի բարձրաձայնել Սիրիայի տարածքային ամբողջականության, արաբական ինքնության պահպանման վերաբերյալ, որ, կարծես թե, կասկածի է առնվում այս սահմանադրությամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը փոխարինելով Սիրիայի Հանրապետությամբ և քրդերենը, արաբերենի հետ հավասարապես, իբր պաշտոնական լեզու ճանաչմամբ: Եգիպտական Alwafd–ի՝ Արաբական լիգայի անանուն դիվանագիտական աղբյուրը, սակայն, հուշել է, թե Լիգայի լռությունը պիտի որպես ակտիվ նեյտրալիտետ ընկալել:
Այլ խոսքով՝ չնայած այստեղ համաձայն չեն Սիրիայի քարտեզը փաստացի վերաձևելու ռուսական հայտին, միաժամանակ հասկանում են, որ ներկայացվածը սոսկ առաջարկ է, որը պիտի նախ և առաջ Սիրիան ինքը քննարկի: Մի բան, ինչի առիթով արդեն իսկ հայտնի է, որ զինված ընդդիմությունն անմիջապես Աստանայում է հրաժարվել ռուսական սահմանադրությունից, իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Բելգիացի լրագրողներին տված պատասխանը, թե՝ Սիրիան պատկանում է միայն սիրիացիներին, և միայն նրանք իրավունք ունեն երկրի ապագայի հետ կապված քաղաքական որոշումներ կայացնել, հստակորեն կարելի է որպես պաշտոնական անհամաձայնության հրապարակային ուղերձ դիտարկել:
Ուրեմն, ինչո՞ւ է լռում Արաբական լիգան, մի՞թե սա նշանակում է, որ Լիգան ձևական–ոչ մի հարց չլուծող կառույց է դարձել, որին կարելի է շրջանցել ամենուրեք, այդ թվում՝ Աստանայում, որտեղ նույնիսկ դիտորդի կարգավիճակով չէր ներկայացված: Եգիպտական հանդեսի դիվանագիտական աղբյուրը նշում է, թե, իհարկե, վիրավորական է Կրեմլի կողմից Լիգային անտեսելը, բայց չի կարելի մոռանալ, որ հարցի առնչությամբ իրենց ներսում էլ լուրջ տարաձայնություններ կային և դժվար էր լինելու ամբողջական դիրքորոշմամբ հանդես գալ Աստանայում, եթե անգամ Լիգան պաշտոնապես հրավիրված լիներ:
Օրինակ՝ սաուդիներն ու Քաթարը կոշտ դիրքորոշում ունեն Ասադին իշխանությունից հեռացնելու հարցում, իսկ ԱՄԷ–ն, Եգիպտոսն ու էլի շատերն այս պահին Ասադի իշխանությունը պարտադիր են համարում անցումային փուլում: Հետևաբար, թեպետ չներկայացվածությունը թուլացնում է Լիգային՝ նրան որպես առանձին կողմ ճանաչելու գործում, սակայն, վերջնահաշվում նրան ամբողջովին ավելորդ չի դարձնում այնպիսի կարևոր հարցի հաստատման կամ մերժման համատեքստում, ինչպիսին Սիրիայի սահմանների անքակտելիությունն է ու երկրի արաբական ինքնությունը: Մի բան, որ, փաստորեն, վտանգված է այս սահմանադրությամբ, և որով միայն քրդական ինքնավարության խնդիր չի դիտարկում:
Նախատեսվող հետագա հանրաքվեն, որ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հիմքն է հանդիսանում, երկիրն, ի վերջո, կարող է բաժանել շիական, սուննիական, ալավիական ու քրդական մասերի, ինչին, ըստ եգիպտական հանդեսի անանուն դիվանագիտական աղբյուրի, Արաբական լիգան երբեք համաձայնություն չի տա: