Ամերիկյան Մոդին ու հնդկական Թրամփը
АналитикаՄինչ Եվրոպան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը հակաժողովրդավարական է դիտարկում, Հնդկաստանում «Թրամփի բանակ» է ձևավորվում:
Ուտար Պրադեշ նահանգի Փինկհուվա քաղաքի բնակիչները երկու օր առաջ հենց այդպիսի գրությամբ սպիտակ շապիկներով են դուրս եկել փողոց՝ հայտարարելով, թե մահմեդական ագրեսիվ ներգաղթի դեմ երբեմն այլ ելք չի մնում, քան ուղղակի արգելքը, և որ՝ հենց այս պահին Հնդկաստանն էլ նույնպիսի խնդիր ունի:
Ընդ որում՝ ավելի սուր արտահայտված, քանի որ հնդիկներն արտագաղթում են, իսկ նրանց փոխարեն հարևան Պակիստանից և այլ տեղերից մահմեդականներն են լցվում երկիր՝ փոխելով ժողովրդագրական պատկերը: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հնդկաստանում ուրախացել են դեմոկրատների պարտությամբ, որոնք մշտապես փորձել են լավ հարաբերություններ պահպանել Հնդկաստանի հետ:
Բայց, այո, հասարակ մարդիկ այսկերպ իրենց վերաբերմունքն են արտահայտել նախկին նախագահ Օբամայի նկատմամբ, որի վարչակազմը 2014–ին նախ՝ շատ վատ ընդունեց ազգայնական Նարենդրա Մոդիի վարչապետ դառնալը, այնուհետ, բարեկամանալով նրա հետ, հաճախացնելով շփումները, ամրապնդելով տնտեսական գործակցությունը, ամեն բան արեց, որպեսզի վարչապետին շատ ավելի լոյալ և հանդուրժող դարձնի: Վերածի նրան ամերիկյան Մոդիի:
Ամեն դեպքում հարաբերությունները կանխատեսելի և բարեկամական էին: Եվ այժմ, երբ հեռավոր Ասիայի, այդ թվում՝ Հնդկաստանի իշխանությունների համար, Թրամփը մարդ–հանելուկ է համարվում, անչափ հետաքրքիր էր պարզ մարդկանց արձագանքը, որոնք, պարզվում է, շատ ուշադիր են հետևել նախընտրական քարոզարշավին և ֆիքսել, որ չնայած Թրամփը քիչ, բայց շատ դրական է արտահայտվել Հնդկաստանի հետ հարաբերությունների մասին:
Հասարակ մարդկանց հատկապես կաշառել էին Թրամփի՝ «Ես Հնդկաստանի և հինդուիզմի ֆանատն եմ» արտահայտությունն ու թվիթերի ագրեսիվ գրառումը, թե՝ Պակիստանը չի կարող ԱՄՆ–ի բարեկամը համարվել:
Այպիսով, մարդիկ հույս ունեն, թե ամերիկյան Մոդին այսուհետ կհամագործակցի Հնդկաստանի Թրամփի հետ, և այս անգամ գուցե Մոդին այլևս չվախենա իր ազգայնական գաղափարներն ի ցույց դնելուց և, ճիշտ Թրափի նմանությամբ, արգելի մահմեդականների մուտքն իր երկիր: Կա նաև ուրիշ խնդիր. այստեղ բոլորին է դուր գալիս Թրամփի հակաչինականությունը (Հնդկաստանում ավանդաբար այդ երկիրը կոշտ մրցակից է դիտարկվում), և հույս է արթնացնում, որ Հնդկաստանը երբևէ կհասնի տարածաշրջանի գերտերության կարգավիճակին:
Համենայն դեպս, անգամ պաշտոնական Դելին է Թրամփի հակաչինականության մեջ բաց պատուհանի հնարավորություն տեսնում, թեպետ՝ շատախոս չէ այդ հարցում: Թերևս, միակ ուղիղ տեքստը, որ հնչել է վարչապետի շուրթերից՝ ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների հնարավոր կարգավորման առիթով արտահայտած ուրախությունն էր, որ էլի հասկանալի է:
Ավանդաբար Ռուսաստանի հետ ամուր կապեր հաստատած Դելին, որ չէր ուզում փչացնել հարաբերությունները նաև Վաշինգտոնի հետ, շատ ավելի ազատ կլինի իր գործողություններում և տնտեսապես էլ կհամագործակցի բոլորի հետ: Մի բան, որին կասկածում են գործարարները ու նաև տագնապում Թրամփի պրոտեկցիոնիզմից:
Չէ՞ որ եթե ամերիկյան գործարարը չհասնի Բանգալորի ու Գուջարաթի լաբորատորիաներ, կամ՝ ավելացնի հարկերը, հրաժարվի էժան հնդկական աշխատուժից՝ փակելով ֆաբրիկաները, ձեռնարկությունները, այդ թվում՝ Ford–ի երեք գործարաններն ու IT ընկերությունները, Աստված գիտի, թե ինչ կարող է պատահել: Ինքներդ դատեք. միայն IT ոլորտի արտադրանքը, որ տարեկան կազմում է 108 մլրդ դոլար, 60%–ով ԱՄՆ–ին է բաժին հասնում: Ու եթե այս ամենին վերջ տրվի, քանի՞ գրոշ կարժենա Թրամփի հակամահմեդականությունը...