Արմեն Ամիրյանը բավարար է գնահատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարեկան հաշվետվությունը
КультураԿամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի տարեկան հաշվետվությունը լսելով` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այն բավարար է համարել` հորդորելով ազատվել ավելորդ հաստիքներից ու հաստիքացուցակում ընդգրկել անհրաժեշտ մասնագետների, որոնք կզբաղվեն կենտրոնի ստեղծագործական վեց կոլեկտիվների հանրահռչակմամբ, համերգային ծրագրերի արդյո ւնավետ կազմակերպմամբ և գործունեության մեջ առաջխաղացմամբ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից`հաշվետվությունը Վաչե Հովեյանը սկսել է ֆինանսական ցուցանիշներից:
«ՊՈԱԿ-ի եկամուտները 2016 թվականի ընթացքում կազմել են 30 միլիոն 357 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ ունենք 15 տոկոսի աճ»,-նշել է Հովեյանը:
Նախարարն ընդգծել է, որ 15 տոկոսը քիչ է: «Դուք ունեք հրաշալի կոլեկտիվներ, կարծում եմ, որ 2017-ի համար պետք է ծրագրեք առնվազն երեսուն տոկոսի աճ: Պետք է ունենաք հստակ ձևակերպված բիզնես-նախագիծ»,- շեշտել է Ամիրյանը:
Երբ Վաչե Հովեյանն ասել է, որ տոմսերը չեն վաճառվում, նախարարը պատասխանել է, թե «Մշակութային կանգառ» ծրագրով իրենց այցելությունները մարզեր հակառակն են ապացուցում:
«Մարդիկ գալիս են, և կա հետաքրքրություն: Պարզապես նրանք չեն ճանաչում ձեզ: Դու՛ք պետք է գնաք դեպի հանդիսատեսը: Ժամանակակից աշխարհում դա մշակույթը «վաճառելու» միակ միջոցն է: Իսկ վաճառել չի նշանակում զուտ տոմս իրացնել ու գումար աշխատել, դա նշանակում է, որ շատ մարդ եկավ ու լսեց ձեզ, շատ մարդ հարստացրեց իր երևակայությունը, շատ մարդ սկսեց երազել մեր հայրենիքի վաղվա օրվա մասին: Ես սրա՛ մասին եմ խոսում: Ու դրան հասնելու համար դուք պետք է օգտագործեք բոլոր հնարավոր միջոցները: Ես 100 տոկոսով համոզված եմ՝ մեր ժողովուրդը կարոտ է բարձրարժեք արվե ստի»,-ասել է նախարարը:
«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի դիտարկմանը, թե դասական ժանրի նույնիսկ ամենալավ կոլեկտիվի մշտական հանդիսատեսի թիվը չի գերազանցում 200-ը, և համերգների հաճախականությունը մեծացնելու դեպքում լուրջ խնդիր կդառնա հանդիսատեսի մեծ թվի ապահովումը, նախարար Ամիրյանն արձագանքել է.
«Այո՛, գուցե այսօր ձեր հանդիսատեսի թիվը 200 է, բայց առնվազն երկու միլիոն պոտենցիալ հանդիսատես կա, որը կարոտ է ձեր արվեստին՝ Հայաստանում և Սփյուռքում: Եթե նրանց դերը դարձնելու հավակնությունը չունենանք, 200-ից առաջ չենք գնա»,- նշել է նախարարը՝ եզրափակելով.
«Մենք հավաքվել ենք ոչ միայն հաշվետվությունը լսելու, այլև միասին հասկանալու, թե ի՞նչ անենք, որ առաջխաղացում ապահովենք: Մենք մեկ ընտանիք ենք, նույն նավակի մեջ ենք. կա՛մ առաջ ենք գնում, կա՛մ խորտակվում ենք: Ես եկել եմ՝ անելու առաջինը: Իմ կողքին եք՝ շատ լավ, կողքիս չեք, միևնույն է, ես փորձելու եմ անել դա»: