Դաշինքները իրար հետևից փլուզվում են. սա կառավարվում է մեկ կենտրոնի՞ց. «ՀԺ»
Аналитика«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մոտ 5 ամիս հայաստանյան քաղաքական ուժերը դաշինքներ կազմելու գործընթացների մեջ էին: Փետրվարի 6-ից սկսվել է ԿԸՀ դիմումներ ներկայացնելու փուլը, և թվում էր, թե փետրվարի առաջին շաբաթվա մեջ դաշինքների շուրջ բանակցությունները պետք է կլորանային, հերթով պաշտոնապես հայտարարվեր դրանց մասին: Շատ տարօրինակորեն, սակայն, հենց այդ ընթացքում սկսվեց բոլորովին այլ գործընթաց`այս կամ այն դաշինքին միացած կամ միանալու մտադրություն հայտնած ուժեր և անհատներ հայտարարեցին, որ մտքափոխվել են:
Այս պրոցեսի ծիծեռնակը եղավ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա հայտարարեց, որ չի մասնակցի ընտրական գործընթացներին, եթե ձևավորվող դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը:
Սրանից հետո գրեթե ամեն օր ձևավորվող դաշինքներից այդպիսի մի լուր հրապարակվում էր. Պարույր Հայրիկյանն է մտքափոխվել և չի միանում Օհանյանի շուրջ դաշինքին, Արամ Գասպարի Սարգսյանը`նույնպես, Վիկտոր Դալլաքյանը դեռ չի լքել այդ դաշինքը, սակայն Սեյրան Օհանյանին համարում է ուրիշների ձեռքում խաղալիք, և չի բացառվում` ինքն էլ հեռանա: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին, երբ հայտնի դարձավ, որ այս կուսակցությունը ընտրություններին գնալու է «Ծառուկյան դաշինքով»: Հետո լուր եղավ, որ ՀՀՇ-ն էլ չի միանում դաշինքին, այլ միայն Արարատ Զուրաբյանը:
«Ծառուկյան դաշինքի» հետ կատարվածն առհասարակ տարօրինակ էր: ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր 5 ուժերով հուշագիր ստորագրելու համար, որոնց մեջ երկու ավանդական կուսակցություններն էին`ՀՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն: Երկու օր անց ՀՌԱԿ-ը մեծ սկանդալով, ՍԴՀԿ-ն ներքին կարգով և ավելի աննկատ հրաժարվեցին դաշինքից, ՀՀՇ-ից էլ մնաց Արարատ Զուրաբյանը:
Այս ընթացքում մամուլում գրվում էր, որ «Ծառուկյան դաշինքը» դառնալու է ՀՀԿ-ից հեռացած օդիոզ կերպարների, օլիգարխ պատգամավորների հավաքատեղի, նույնիսկ ակնարկվում էր Հովիկ Աբրահամյանի մասին: Սակայն այն փաստը, որ ԲՀԿ երեկվա համագումարը զարդարում էին միայն Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանի որդին, կասկածելի է դարձնում նաև այս հեռանկարը:
Դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց, ինչու ամիսներ շարունակ դաշինքների շուրջ օրուգիշեր բանակցողները ամենավերջում սկսեցին իրար չհասկանալ: Բայց ընդամենը 6 օր է մնացել, և այդ ընթացքում պետք է որոշումներ կայացնել: 6 օրվա մեջ գրեթե անհնար է հասնել նրան, ինչ չհաջողվեց 5 ամսվա ընթացքում: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե ԲՀԿ-ն ի վերջո հայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Եթե Դալլաքյանն իր կուսակցությունով լքի Օհանյան դաշինքը, կստացվի, որ «Համախմբում» կուսակցությունը նույնպես ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու ընտրություններին: Պարզապես և ԲՀԿ-ի և «Համախմբման» դեպքում կուսակցության ցուցակում տեղ կզբաղեցնեն այլ կուսակցություններից հրավիրված հայտնի դեմքեր, կամ անկուսակցականներ ու նախկին պաշտոնյաներ:
Առավել մանրամասն՝«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: