«Փետրվարին տոնվող բոլոր գեղեցիկ տոների մեջ Սուրբ Վալենտինն ինձ համար յուրահատուկ է». Սոնե Սիլվեր
LifestyleBlogNews-ը գրում է.
Սիրո տոներին ընդառաջ՝ BlogNews-ը զրուցում է հայտնիների հետ՝ պարզելու առաջին սիրո խոստովանությունների, տոների հետ կապված հուշերի, ակնկալիքների մասին նրանց մեկնաբանությունները: Թե ինչ խորհուրդ ունի Սուրբ Վալենտինի օրն ու արդյոք պատրաստվո՞ւմ է երգչուհի Սոնե Սիլվերն այս տարի ցատկել Տեառնընդառաջի խարույկի վրայով, պարզեցինք նրա հետ զրույցում.

«Փետրվարին տոնվող բոլոր գեղեցիկ տոների մեջ Սուրբ Վալենտինն ինձ համար յուրահատուկ է, որովհետև այդ օրը ես ու իմ սիրելին նշանադրվեցինք: Առհասարակ, կարծում եմ՝ բոլոր սիրահարված երիտասարդների համար էլ դա մի հրաշալի առիթ է մեկ անգամ ևս խոստովանելու զգացմունքների մասին: Աղաբլիթ կերել եմ ավելի վաղ տարիքում, երբ դեռ դպրոցական էի: Իսկ երբ արդեն ավելի հասուն էի, բնականաբար, չէի ուտում, որովհետև ռեալիստ մարդ եմ ու նման սնահավատությունների հանդեպ անտարբեր եմ: Իսկ ահա Սուրբ Սարգսի տոնին շատ լավ եմ վերաբերվում: Հրաշալի տոն է, գեղեցիկ խորհուրդ ունի, սիրո բարեխոսին նվիրված ազգային տոն է, ու ոչ մի վատ բան չեմ տեսնում նրա մեջ, որ տոնեն և՛ Սուրբ Սարգիսը, և՛ Սուրբ Վալենտինը»:

Հարցին, թե այս տարի արդյոք Սոնեն ու իր նշանածը կցատկեն Տեառնընդառաջի կրակի վրայով, Սոնեն պատասխանեց. «Իհարկե կցատկենք, ես սիրում եմ մեր ազգային ավանդույթները, մանավանդ որ դրանք ուրախ ու հետաքրքիր են անցնում: Կրակի վրայով ցատկելու ենք բոլոր նորաստեղծ զույգերի նման, որպեսզի, ինչպես մեր տատիկներն են ասում, անհաջողությունները շրջանցեն մեզ»:
Իսկ թե ինչ է պետք նվիրել կանանց ու աղջիկներին սիրո տոների առիթով, Սոնեն խորհուրդ տվեց տղամարդկանց նախ՝ լինել առանց կոմպլեքսների ու փորձել երջանկացնել իրենց սիրելիներին սիրո օրիգինալ խոստովանությամբ: «Անկախ տարիքից՝ յուրաքանչյուր կին, աղջիկ միշտ շատ ավելի ռոմանտիկ է, քան տղամարդիկ: Լավ կլիներ, որ տղաները հասկանան դա և փորձեն տարբերվող մի ձև գտնել այդ օրը իրենց սերը խոստովանելու համար: Ծաղիկներ, քաղցրավենիք, ռոմանտիկ ընթրիք, կամ եթե երևակայությունը չի հերիքում, հիմա բազմաթիվ ծառայություններ կան, որ կարող են օգնել մեր տղամարդկանց՝ իրենց սիրելիներին գեղեցիկ անակնկալ մատուցելու գործում: Կարևորը՝ չզլանան ու անպայման անեն այնպիսի մի բան, որ հետագայում էլ միշտ ժպիտով հիշեն այդ օրը»,- մեր զրույցի վերջում նշեց երգչուհին: