Կրթություն-աշխատաշուկա՝ հաջողված փորձ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Շնորհավորելով ընկերության աշխատակիցներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների կարևոր դերակատարումը և շեշտել, որ Սինոփսիս Արմենիա ընկերության բուհական համակարգի հետ համագործակցության փորձը հաջողվածներից է կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Ընկերության կրթական ծրագրերը նոր հեռանկարներ են բացում հայ երիտասարդների ինտելեկտուալ և ստեղծագործական մտքի բացահայտման համար՝ ընդգծելով հայկական ներուժի առկայությունը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացում:
Ա. Աշոտյանը կարևորել է կրթական ծրագրերում մասնավոր հատվածի մասնակցությունը՝ շեշտելով, որ կրթության ասպարեզում արված ներդրումները հեռանկարային են զարգացող ցանկացած ոլորտում և ապահովում են երաշխավորված փոխհատուցում՝ որակյալ կադրային ռեսուրսի տեսքով: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է նաև Սինոփսիս ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության կողմից շնորհվել է Ոսկե մեդալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի, որակավորված մասնագետներ ապահովելու և կրթության բնագավառում կատարած ներդրումների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար: