Օբաման թույլատրել է Ազգային գվարդիան օգտագործել Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թույլատրել է Պենտագոնին' Ազգային գվարդիան և ամերիկացի պահեստազորայիններին օգտագործել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սպիտակ տանը, պետության ղեկավարը ստորագրել է համապատասխան հրամանագիր և այդ մասին ծանուցել ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարներին:
Միացյալ Նահանգների իշխանությունները չեն պլանավորում փակել երկրի սահմանները և արգելք սահմանել Արեւմտյան Աֆրիկայից օտարերկրացիների ժամանման վրա:
Օբաման նաև հայտնել է, որ քննարկում է համաճարակին հակազդելու հարցերով իր վարչակազմի հատուկ համակարգողի նշանակման հնարավորությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 4,5 հազարի, իսկ շուրջ 9 հազար մարդ վարակված է: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին և Գվինեային:
Ամերիկացի մասնագետները այդ թվերը նվազեցված են համարում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ վարակվածների թիվն արդեն կազմում է առնվազն 20 հազար և իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում մինչև 2015 թվականի հունվարի վերջը կարող է հասնել 550 հազարի:
Օբամայի վարչակազմը Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը դասում է գլոբալ այնպիսի սպառնալիքների հետ նույն շարքում, որպիսին ահաբեկչությունն է: Սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել է, որ մեկ միլիարդ դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պայքարին և 4 հազար զինծառայող կուղարկի Լիբերիա, Սիեռա Լեոնե և Գվինեա՝ օգնելու այդ երկրներին բժշկական ենթակառուցվածք ստեղծել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: